Հուլիսի 11-ի գիշերվա երեքն է: Այսինքն, սիրելի ընթերցող, այս նյութը գրում եմ թերթը քո սեղանին դրվելուց մեկ ամբողջ օր ու մի քանի ժամ առաջ: Բարով-խերով երբ դնեմ նյութի եզրափակիչ վերջակետը, պատուհանիս տակ ծտերի ծլվլալու ժամն է գալու: Ասել է թե` Աստծո հերթական առավոտն է բացվելու, հերթական անգամ բացվող օրվա հերթական հրաշքին եմ ականատես լինելու:
Բնականաբար` թերթի կամոք:
Սակայն այս ամենի մեջ առավել հետաքրքրականն այն է, որ այս անգամ թերթի նկատմամբ չարացածություն չկա մեջս ինձնից գողացած հերթական անքուն գիշերվա համար, որովհետև այս առավոտը, որ ինձ ու քեզ համար, իմ լավ ու բարի ընթերցող, քսանչորս ու մի փոքր էլ ավելի ժամի պայմանականություն ունի, մի ուրիշ սպասումով եմ դիմավորում. ախր այս բարի լույսը հրաշք թոռնիկիս երեք տարեկան դառնալն է ավետելու, ում ոսկե գանգուրները մայրն անցած օրը վերջապես վարսավիրի մկրատին է հանձնել ու ինձ ազատել «էս ի՜նչ սիրուն աղջիկ է» արձագանքին «բա էս թառլան տղեն աղջիկ է՞» բառերով դիմադարձելուց:
Գրում եմ ու հետն էլ մտածում, որ էս աշխարհի տակ իսկապես ոչինչ պատահական չէ: Ընդամենը ցերեկն էր, որ խմբագրությունը ճոխ սեղանի շուրջ պետով ու ծետով, հարգ ու կարգով իր Արտաշեսի անդրանիկ զավակի լույս աշխարհ գալու ուրախությունն էր տոնում ու այդ ուրախության ամենաթունդ պահին թերթի գլխավորին առաջարկեցի` իսկ ինչո՞ւ «Իրատեսի» գոյության այս հինգ տարիների շրջանակներում մի անդրադարձ էլ չանել այն իրողությանը, թե թերթը քանի հարսանիք է ունեցել, քանի զավակ է երկրին պարգևել, քանի ջահել-ջիվան, առանձնապես մի տարիք չունեցող ու ունեցող անձ պապիկ ու տատիկ է դարձրել: Ի վերջո, թերթը հո միայն լույս տեսած համարնե՞րը չեն:
Բայց էս երկրում առաջարկություն անե՞լ կլինի:
Առանց տարիքը հաշվի առնելու, առանց էն շնորհքով ջահելներին նկատելու` ասածս մեծահոգաբար վզիս փաթաթեցին:
Հիմա ես չէ ու դու, հարգելի ընթերցող, մյուս անգամ, որ իմ տեղը լինես, էլ առաջարկություն կանե՞ս, եթե իմանաս, որ բանող եզը դու ես լինելու:
Կարող ես չպատասխանել, քանզի պատասխանն ակնհայտ է:
Հիմա, գիտեմ, ընթերցողների մեջ տերվռազներ կլինեն, ու արդեն իսկ պատրաստ են հարցնելու` բա կայքէջում խոստացել էիր մանրամասներ ասել Հենրիկ Մխիթարյանից, ի՞նչ եղավ, է՜, սպասելուց մեռանք:
Ժողովուրդ ջան, Հենրիկ Մխիթարյանի մոտ ամեն ինչ լավ է, բաններիդ մնացեք: «Բորուսիան» մեր տղուն սիրով ընդունե՜լ է` Ռայխստագի տակ ժամանակին մեր պապերի քոչարի պարելու հարցը նրբորեն շրջանցելով, ում որ պետք է, փողը մուծե՜լ է, Հենոն էլ, տասը համարի մարզաշապիկը վրան քաշած, թիմի առաջին ընկերականին մասնակցե՜լ է, մի հատ գոլային փոխանցում է արե՜լ, մի հատ էլ, մեր մեջ ասած, «թրխկացրել» է, ի տարբերություն պապերի, այս անգամ հօգուտ գերմանացիների, «Բորուսիայի» գլխավոր Յուրգեն Կլոպն էլ խաղից հետո, ի նշան շնորհակալության, մեր տղու հետ պաչ-պռոշտի է եղե՜լ…
Տղամարդավարի:
ՈՒրիշ բան մտքներովդ չանցնի, որովհետև Յուրգենն էլ է տղա, մեր տղեն էլ, հո գիտեք ու գիտեք, տղա է ու տղուց տղա:
Էսքանը` Հենոյի մասին:
Դառնանք ուրիշ բաների` նախապես պայմանավորվելով, որ եվրոպական ֆուտբոլին հայկական ակումբայինների մասնակցությունից բան չեք հարցնելու:
Համ դուք եք մեղք, համ ես եմ մեղք:
Եթե աշխարհի երիտասարդականի կիսաեզրափակիչներից եք բան ուզում, ասեմ:
Ֆրանսիան ճռռալով հաղթեց Գանայի հավաքականին, նույնքան ճռռալով ՈՒրուգվայը պարտության մատնեց Իրաքի ընտրանուն ու հատկանշականն այն է, որ երկու խաղերում էլ հա՛մ թասիբ կար, հա՛մ նամուս: Հավասարապես թե՛ հաղթողների, թե՛ պարտվողների կողմից դրսևորված:
Այստեղ թույլ տվեք չասել, թե գլորածս հատկապես ո՛ւմ բոստանի ուղղությամբ էր, որովհետև ժողովրդական իմաստությունը ճիշտ խոսքի ու իշու միջև փայլուն կամրջած բանաձևում ունի: Չկրկնենք, քանզի անիմաստ է:
Անցնենք առաջ: Գիտեք, որ Կազանում ամսի վեցին մեկնարկել են ուսանողական ամառային քսանյոթերորդ խաղերը: Այս նյութը գրելու ժամը չեմ ուզում երկրորդ անգամ հիշատակել, սակայն բացեք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը ու տեսեք` սպորտի համար պատասխանատու կառույցում գիտե՞ն այդ մասին, մի բառ կա՞ ՈՒնիվերսիադայի մասին թեկուզ աղոտ հիշեցնող:
Փոխարենը նախարարի ծնունդը չեն մոռացել հիշել: Եվ ոչ միայն նախարարի:
Ես չեմ ասում, թե նախարարն իր ծնունդով արժանի չէ հիշատակման: Քավ լիցի: Յուրի Վարդանյանը դեմք է եղել աշխարհի մակարդակով: Բայց կարելի է, չէ՞, գոնե կեսբերան հիշատակել ՈՒնիվերսիադան, մեր պատվիրակության անդամներին, ներկայացրած մարզաձևերը, որ հասկանանք` ով ով է, ինչն ինչոց է ու ինչի համար է:
Վերջը երկիր ենք, չէ՞, ոնց որ թե:
Ա՜, ՈՒնիվերսիադան ներկայացնելուց խեր չկա, իսկ նախարարի ծնունդին ևս մեկ անգամ սապոնը ձեռքը վերցնելու գերազանց առիթ է: Բա ի՞նչ եք կարծում` մարդիկ գլուխ ունեն ուսերին ու քաջ գիտեն, որ գլուխը խոնարհելու համար է, և ոչ թե հանրօգուտ բաների մասին մտածելու: Է, հիմա ինչ անենք, որ, ասենք թե, Արսեն Գալստյանը կամ Միշա Ալոյանը արծաթե մեդալների են արժանացել: Ռուսաստանի աչքը լույս (հասկանում եք, չէ՞, որ մտածում եմ իրենց նման): Նույն ձևով` ի՞նչ անենք, որ Արթուր Քիրաջյանը ՈՒնիվերսիադայի փոխչեմպիոն է դարձել` Հայաստանին մեդալ բերելով: Պա՛հ, ի՞նչ մեծ բան է: Է, թող էսօր չիմանան, թող վաղը չէ մյուս օրը կամ մի շաբաթից իմանան` դրանից բա՞ն է փոխվելու: ՈՒ սա ոչ միայն այս կոնկրետ դեպքի պարագայում:
Լիքը բաներ կան ասելու: ՈՒ որ այսքան քիչ բան եմ ասում, պատճառն այն չէ, որ էջի մի մասը հատկացվել է այլ նյութի: Եթե անկեղծ եք ուզում իմանալ, առաջին անգամ եմ ուրախացել, որ այն կիսատել են, որովհետև ո՞ւմ են պետք ինֆորմացիա պեղելու իմ ջանքերը, իմ էս մտահոգությունները, անքուն անցկացրած էս գիշերները: Մասնավորապես ու առհասարակ: Իսկ գուցե շատ ավելի բարոյական է գրիչն ընդհանրապե՞ս վայր դնելը: Մեկ է` ոչ տվածիցս եմ բան հասկանում, ոչ առածիցս: Այս վերջինն էլ, ի դեպ, մասնավորապես ու առհասարակ:
Է՜… տեսնում ե՞ք ինչ սիրուն օր ավերվեց:
Հ. Գ.- Հա, նյութի սկզբում հիշատակված ծտերն ու նրանց ծլվծոցը: Պատուհանիցս այն կողմ նրանք արդեն սկսել են իրենց ճռվողյունը: Այնպես որ, ինձ` բարի քուն, ձեզ` բարի առավոտ:
Հարգանքներով`
ձեր Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ